Անանիա Քոչարյանի ուղերձը․
Ողջունում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր աշակերտներին, ուսուցչական անձնակազմին, տնօրինությանը, ինչպես նաև Քնարիկ Ներսիսյանին, ով կազմակերպեց իմ առցանց անհատական առաջին ցուցահանդեսը։ Կանխավ շնորհակալ եմ ուշադրության և հետաքրքրության համար։
Այս համաշխարհային աղետի և դրանից բխող ճգնաժամային տրամադրությունների ֆոնին բոլոր պատանիներին կոչ եմ անում չկորցնել լավատեսությունն ու երիտասարդական էնտուզիազմը։ Ստեղծված իրավիճակում զբաղվել ինքնազարգացմամբ , ինքնակրթությամբ և շարունակել ստեղծագործել։ Բոլոր բարդ ժամանակներում ի հայտ են եկել հանճարեղ ստեղծագործողներ, և ես համոզված եմ, որ դուք բացառություն չեք։ Ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր կիսում են իմ համոզմունքները և փորձում են արվեստի միջոցով մարդկանց հաղորդակից դարձնել գեղեցիկին, ու հույս ներշնչել։ Կյանքը շարունակվում է, ու ցանկացած մարտահրավեր և դժվարություն հնարավոր է հաղթահարել գիտակից լինելով և կյանքի հանդեպ սերը չկորցնելով։ Արվեստագետները հաճախ են ինքնամեկուսանում մտորումների ու ստեղծագործելու համար և սովոր են նման հոգեվիճակների։ Սակայն ստեղծված հակասական ու խուճապային իրավիճակներում, կարծում եմ, արվեստագետները և մտավորականները պետք է ավելի ակտիվ լինեն և սեփական օրինակով ուղղորդեն հանրությանը՝ հաղթահարելու առաջացած բարդ ու վտանգավոր իրավիճակը։ Արվեստով ու նոր գաղափարներով ոգեշնչեն հանրությանը՝ թեկուզ և օգտագործելով առցանց ու հեռահար հաղորդակցության բոլոր հնարավորությունները։ Ես, լինելով արվեստագետ ու ստեղծագործելով կերպարվեստի տարբեր ոլորտներում, իմ արվեստով ցանկանում եմ ցույց տալ կյանքի, աշխարհի և իրականության բնույթը առանց սահմանափակումների ու լիարժեք, ինչպես նաև երևույթների, իրողությունների, հարաբերությունների բուն էությունը, ինչը հնարավոր չէ անել միայն արտաքին կրկնօրինակման միջոցով։ Արվեստը սուբյեկտիվ է, և ցանկացած արվեստագետ ստեղծագործելիս վերաիմաստավորում է արվեստը՝ որպես հասկացողություն և ինքնադրսևորման ձև։ Կարծում եմ՝ արվեստը պետք է հուզի և հիացնի, պետք է հասնի դիտողի հոգուն ու տա նրան նոր մտքեր և զգացողություններ, ստեղծված լինի գրագետ և անկեղծ։ Հուսով եմ՝ ստեղծագործություններս դրական ու վառ գույներ, նոր մտքեր ու գաղափարներ կփոխանցեն ձեզ և գոնե մի պահ կօգնեն կտրվել առօրյայից ու առնչվել արվեստին, գեղեցիկին, ոգեշնչվել ու ստեղծագործել։
Բարի դիտում․․․